18/08/2023 13:33
Ապտակ՝ Փաշինյանին․ մինչ երեկ ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասի
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունից, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ երեկ Փաշինյանն ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և հերթական անգամ խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասին, դրանից ժամեր անց, ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, թե դրան ի պատասխան, ինչ գործողություններ են իրականացրել ուժային մարմինները:
ՀՀ ԱԱԾ-ն նաև կոչ է արել ադրբեջանցիներին` միջադեպի վերաբերյալ պատշաճ քննություն անել, սակայն չեմ կարծում, թե ԱԱԾ-ում այդքան միամիտ են, որ կարծում են, թե միջադեպը պատահականության կամ ինքնագործունեության հետևանք է:
Օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կա՛մ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտած կլինեն, կա՛մ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա:
Սա, ի դեպ, նաև անձնական ապտակ ու ստորացում էր Փաշինյանին, որով ադրբեջանցիներն իր տեղն էին ցույց տալիս հայաստանյան իշխանությանը` նաև զգուշացում:
Սա էլ իրենց եղբայրական թուրքերը», - նշել է նա: