18/08/2023 12:09
Երեխային բռնության ենթարկած կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը մեկնաբանել է այսօր հայտնի դարձած ահասարսուռ դեպքը․ երիտասարդ կինը բռնության է ենթարել ու ստորացրել անչափահաս աղջկան։
«Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդակյին ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում:
Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով: Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ:
Առերևույթ առկա են հետևյալ հանցակազմերը՝
1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ և առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաև 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով,
2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը և կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, և պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով:
3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով,
4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Չեմ բացառում, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ: Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:
Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը: Հասարակություն մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք իրան։
Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից»։