18/08/2023 16:21
Պարզվել է, որ երեխային բռնության ենթարկելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
«Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը», - նշված է հաղորդագրությունում։