19/08/2023 20:47
Ձմերուկի և սեխի օգտակար հատկությունները. Հակացուցումներ
Ամռանը սննդակարգում գերակշռող ձմերուկն ու սեխը, բացի նրանից, որ հագեցնող են, ունեն նաև մի շարք օգտակար հատկություններ։
Վիտամին B9-ի (ֆոլաթթու) բարձր պարունակության շնորհիվ ձմերուկը ակտիվորեն մասնակցում է արյունաստեղծման գործընթացին և օգնում է ամրապնդել իմունային համակարգը՝ հատկապես հղի կանանց շրջանում։
Պտուղն ունի միզամուղ ազդեցություն և օգնում է երիկամներից հեռացնել ավազը։ Ձմերուկը մեր օրգանիզմն ազատում է նաև մաղձից, ինչի շնորհիվ դեմքի երանգը նկատելիորեն բարելավվում է։ Ձմերուկի հյութալի միջուկը օգնում է մաքրել օրգանիզմը տարատեսակ տոքսիններից և թունավոր նյութերից։
Ձմերուկի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է հեռացնել ավելորդ խոլեստերինը, որը վաղ աթերոսկլերոզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Կեղևի թուրմը բուժում է հաստ աղիքի բորբոքումները։
Սեխում առկա հարուստ վիտամինները, մասնավորապես՝ E, C, B2, B6 և ֆոլաթթուն, երիտասարդացնում են, բարելավում մաշկի, մազերի և եղունգների վիճակը, կանխում քաղցկեղի զարգացումը և ամրացնում իմունային համակարգը, արյունատար անոթները։
Սեխի մեջ պարունակվող պեկտինները մաքրում են աղիները՝ օրգանիզմից դուրս հանելով տոքսինները։ Սեխն օգտակար է փորկապության դեպքում։ Այն զգալիորեն բարելավում է տրամադրությունը՝ շնորհիվ սերոտոնինի։
Ձմերուկը և սեխը, չնայած իրենց օգտակար հատկություններին, ունեն նաև մի շարք հակացուցումներ. Ձմերուկ չպետք է օգտագործեն երիկամների և սրտի անբավարարությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցով տառապող մարդիկ։ Սեխը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետ, ստամոքսի խոց ունեցող հիվանդներին, ավելորդ քաշ ունեցողներին, ինչպես նաև կերակրող մայրերին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։