19/08/2023 19:26
ԲԴԽ-ն հրաժարվել է վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի դեմ՝ Գրիգոր Մինասյանի հետ փակ հանդիպումներ ունենալու համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն հրաժարվել է Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելու նպատակով հանձնախումբ ստեղծել, մերժվել է անգամ հարցն օրակարգ ներառելու մասին ԲԴԽ անդամի առաջարկը:
Հիշեցնենք, որ հուլիսին 3-ին ԲԴԽ-ն դադարեցրել է միանգամից չորս դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, մեկ այլ վարույթի շրջանակներում՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորների վերաբերյալ վարույթների քննության ընթացքում, որն, ի դեպ, իրականացվել է աղաղակող խախտումներով, դատավորները, ի թիվս այլնի, բարձրաձայնել են իրենց նկատմամբ խտրական մոտեցմամբ իրականացվող հետապնումների մասին: Ավելին, պարզվել է, որ վարույթների քննության փուլում որպես դատարան հանդես եկող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փակ գաղտնի հանդիպումներ է ունեցել կողմ հանդիսացող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Հանդիպման փաստը չի հերքվել Անդրեասյանի կողմից, իսկ Գրիգոր Մինասյանը հաստատել է տեղեկությունը՝ փորձելով հիմնավորել, թե իբրև նման հանդիպումներ չեն կարող չլինել՝ կապված իրենց աշխատանքային պարտականությունների հետ, ավելին, պնդել, թե թաքցնելու ոչինչ չունեն, դրա համար էլ անում են իրենց գործը, մինչդեռ, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Թեև այդ հանգամանքները հայտնի են դարձել գործերի քննության փուլում, այդուհանդերձ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվել է, նա շարունակել է մասնակցել վարույթին, այդ թվում՝ եզրափակիչ որոշման կայացմանը:
Այլ խոսքով՝ ակնհայտորեն առկա է շահերի բախում, ինչով պայմանավորված՝ Տիգրան Պետրոսյանը հուլիսի 17-ին հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար: Ըստ Պետրոսյանի՝ Կարեն Անդրեասյանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ դրանով կարմատավորի դատավորների կողմից իրենց վարույթում գտնվող գործերով կողմերից մեկի հետ անարգել շփումներ ունենալու և վերջինիս հետ իրենց դատավարական գործողությունները համաձայնեցնելու ապօրինի և արատավոր պրակտիկա:
ԲԴԽ-ում, սակայն, փոքր-ինչ համարձակություն ունեցող երեք անդամ չգտնվեց՝ հանձնախումբ ձևավորելու համար, ավելին, հարցն անգամ ԲԴԽ նիստի օրակարգ չի ներառվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Խորհրդի անդամները, բացառությամբ Արշակ Վարդանյանի, կարգապահական վարույթի հարուցման հիմք չեն տեսել․ առանց որևէ հոդաբաշխ պարզաբանման՝ միայն նշել են, որ հանրագրով բարձրացված հարցը քննարկման առարկա կդարձվի Օրենքով և Աշխատակարգով սահմանված կարգով: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հանրագրով բարձրացված հարցերում առերևույթ խախտում տեսել է Արշակ Վարդանյանը, որն առաջարկել է ԲԴԽ-ին նիստ հրավիրել՝ երեք հոգուց բաղկացած հանձնախումբ ձևավորելու և վարույթ հարուցելու նպատակով, սակայն հարցն օրակարգում ներառելու առաջարկը ԲԴԽ-ի կողմից մերժվել է: