19/08/2023 18:59
Ռուսաստանում Բորելին անվանել են «ինտելեկտուալ պիգմեյ»․ նա էլ Ռուսաստանին «տնտեսական գաճաճ» էր անվանել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հիմար վիճակում է հայտնվում՝ «վառ հայտարարություններ» անելու իր անհաղթահարելի ցանկության պատճառով, Ռուսաստանի մասին Բորելի վերջին գնահատականին ի պատասխան՝ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, թե Ռուսաստանը «տնտեսական գաճաճ է»։ Նա նաև Ռուսաստանին համեմատել էր «վառելիքի լցակայանի հետ, որի տերը սեփական ատոմային ռումբ ունի»։
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Տելեգրամի ալիքում արված պատասխան իր գրառման մեջ հեգնանքով նշել է, որ Բորելը «կրկին աչքի է ընկել իր իմաստնությամբ»։ Կարասինը նաև կասկածի տակ է դրել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի ինտելեկտուալ կարողությունները։
«Չմտնելով անիմաստ բանավեճի մեջ՝ ընդամենը կկրկնեմ, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը իրեն դրսևորել է որպես ինտելեկտուալ պիգմեյ (պիգմեյները կարճահասակ ցեղախումբ են՝ բնակվող Աֆրիկայի հասարակածային անտառներում-խմբ․)։
«Վառ» հայտարարություններ անելու իր անհաղթահարելի ցանկության պատճառով նա հիմար վիճակում է հայտնվել»,- գրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը։