19/08/2023 22:03
Կարող է թվալ, թե գալիս ենք ուղղակի կանգնում, կարճ ելույթ ունենում ու գնում. Փաշինյանը ներկա է գտնվել լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.
«Հարգելի ներկաներ,
Գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Լողի «Վարչապետի գավաթի» հարգելի մասնակիցներ,
Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Այս մրցաշարի կարևոր նպատակներից մեկը նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի տեսանելի դարձնելն է մեր զբոսաշրջիկներին, մանավանդ, որ մենք հիմա և՛ Վարդենիսի, և՛ Սևանի կողմից ունենք բավականին լավ ճանապարհ: Իհարկե, բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են և կշարունակվեն:
Այս ափը, կարծում եմ, շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, նաև մենք ուզում ենք այն գրավիչ դարձնել ներդրումների համար, որպեսզի նոր ձևաչափի, ներդրումային նոր կուլտուրա ձևավորենք նաև Սևանա լճի ափին:
Դուք նկատեցիք, անշուշտ, որ սովորաբար մյուս մրցաշարերում մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում, չնայած պետք է խոստովանել, որ այնպես էլ չէ, որ ամբողջ հանրապետությունն է ընդգրկում, բայց լողի դեպքում հատկապես մեր աշխարհագրությունն ավելի է նեղանում: Մենք մրցանակաբաշխության ընթացքում նախարարի հետ այդ մասին էիք խոսում, որ դա մի բանի մասին է վկայում՝ հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքի՝ լողավազանների բացակայության:
Եվ ուզում եմ նաև այս ամբիոնից հիշեցնել բոլորին, որ մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել՝ հանրապետության խոշորացված համայնքներում առաջին փուլով մարզական կենտրոններ ստեղծել, որը կներառի մարզադպրոց, ֆիթնես կենտրոն մեծահասակների համար և անպայման լողավազան: Մենք առաջինը խոստացել ենք Եղեգնաձոր խոշորացված համայնքին, երկրորդը՝ Բերդ խոշորացված համայնքին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել եմ, որպեսզի տիպային նախագիծ ունենանք և հերթով այդ մարզական կենտրոնները կառուցենք՝ նախ բոլոր խոշորացված համայնքներում, հետագայում արդեն՝ խոշոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է բոլոր առումներով՝ Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելու, նաև առողջ սերունդ ունենալու և ընդհանրապես երիտասարդության համար զբաղմունքի ավելի շատ միջոցներ ու միջոցառումներ ունենալու:
Այս մրցաշարը նաև կարևոր է նրանով, որ մենք որոշակի հետևություններ ենք անում: Կարող է թվալ, թե գալիս ենք ուղղակի կանգնում, կարճ ելույթ ունենում ու գնում, բայց որոշակի հետևություններ, նույն մրցանակակիրների աշխարհագրության մասին, այսպիսի շփումների արդյունքում են ի հայտ գալիս: Եվ այդ հետևություններից բխում են որոշումներ:
Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն: Ուզում եմ բոլորս ողջունենք ոչ մրցանակակիր բոլոր մասնակիցներին շատ ջերմ ու բուռն ծափերով:
Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների գործընկերներին, բոլոր մարզպետարաններին, բոլոր գերատեսչություններին, Ճամբարակ խոշորացված համայնքին, Շողակաթ բնակավայրին, մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել: Եվ նաև, իհարկե, մեծ շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկել են քաջալերելու «Լողի վարչապետի գավաթի» մասնակիցներին:
Շնորհակալ եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում»:
Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական մրցանակներ. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:
Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 130 մասնակից։ Մրցաշարը նաև միջազգայնացվել է. ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք են ունեցել թե՛ ՀՀ, թե՛ օտարերկրյա քաղաքացիները. միակ սահմանափակումն այն է եղել, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում պետք է մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: