19/08/2023 10:49
Դադարեք հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը․ Սոցապը զգուշացնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիներ,վխնդրում ենք դադարել հիմա էլ հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. այդկերպ երեխաներին կրկին թիրախավորում ու ավելի խոցելի եք դարձնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:
Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: