20/08/2023 21:18
Տղամարդուն դանակի մի քանի հարվածով սպանել են ու տան մեջ այրել․ ըստ հարևանների՝ սպանվածը տրանսգենդեր էր
Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։
Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չեն հայտնում։
Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։