21/08/2023 18:26
Էրդողանը որոշել է Ստամբուլի շենքերի 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել ավելի սեյսմակայուն վայրեր․ «Ժամանակ կորցնել չի կարելի»
Թուրքիայի իշխանությունները սկսել են լրջորեն մոտենալ Ստամբուլում նոր՝ հզոր երկրաշարժի մասին կանխատեսումներին։ Այսօր այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իրենք որոշել են Ստամբուլի 1,5 միլիոն բնակչի տեղափոխել ավելի սեյսմակայուն տարածքներ։
«Թուրքիան սեյսմակայուն երկրի վերածելու մեր ծրագրում առանձնահատուկ տեղ ենք հատկացնում Ստամբուլին և Մարմարա ծովին։ Այժմ ծրագրում ենք Ստամբուլի մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչների տեղափոխել ավելի սեյսմակայուն բնակտարածքներ։ Ժամանակ կորցնել չի կարելի»,- ինչպես հայտնում է TRT-ն, ասել է Էրդողանը լրագրողներին՝ Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում նոր, հզոր երկրաշարժի վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին ի պատասխան։
Էրդողանը նշել է նաև 500 000 բնակչի համար քաղաք-արբանյակ կառուցելու մտադրության մասին։
«Սա նախագծերից մեկն է, որը ձեռնարկում ենք՝ Ստամբուլում կանխատեսվող երկրաշարժին պատրաստ լինելու համար»,- ասել է նա։
Նշենք, որ թուրք սեյսմոլոգները բազմիցս նախազգուշացրել են Ստամբուլում ու դրա մոտակայքում նոր՝ հզոր երկրաշարժի վտանգի մասին՝ կանխատեսելով, որ 7 և ավելի բալի ցնցումների դեպքում 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 90 000-ից ավելի շենքեր կարող են փլվել միանգամից, իսկ 260 000-ը կվնասվեն ու պիտանի չեն լինի հետագայում շահագործվելու համար։ Սեյսմոլոգների կանխատեսումներով՝ այդպիսի երկրաշարժի դեպքում ժամանակավոր կացարաններով անհրաժեշտ կլինի ապահովել 4,5 միլիոն բնակչի։
Նշենք նաև, որ 1999 թվականի օգոստոսին Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում գտնվող Ստամբուլի շրջանում 7,6 մագնիտուդով երկրաշարժից, պաշտոնական տվյալներով, մահացել էր 17,2 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ գրեթե 40 հազարը, ևս 45 000-ն էլ տուժել էին։
Ստամբուլն ուժեղ երկրաշարժին նախապատրաստելու անհրաժեշտության մասին այդ երկրի իշխանություններն սկսեցին լրջորեն մտածել միայն այս տարվա փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով մահերը գերազանցեցին 50 000-ը։