21/08/2023 13:53
Ադրբեջանը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022 թ-ից սկսած
Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։
Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։
Լրատվամիջոցներից շատերն ակտիվորեն տարածում են այս քարոզչական թեզին նվիրված վերլուծություններ, հարցազրույցներ ու ֆիլմեր, իսկ Baku TV պետական գործակալությունը սկսել է նոր վիդեոշարք՝ «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» և ամենօրյա տեսանյութերով ու վերլուծություններով ակտիվ է պահում թեման հատկապես ներքին լսարանի համար։
Այս թեմայի շրջանակներում տարածվող նյութերը համեմված են Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մեղադրանքներով, հակագիտական փաստարկներով և ակնհայտ սպառնալիքներով: Ֆիլմերում ներգրավվում են բնակիչներ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից:
Ընտրված նման մեթոդաբանությամբ այդ երկրի իշխանությունն ավելի է բորբոքում ադրբեջանական հասարակությունում թշնամանքը հայերի նկատմամբ:
Այս պահին մենք իրականացնում ենք ապացույցների ամրագրում` լրացուցիչ հիմնավորելու համար ադբեջանական կառավարության իրական թշնամական մտադրությունները և խաղաղասիրության կեղծիքները»: