21/08/2023 12:52
Սերգեյ Սմբատյանի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ․ սպասում ենք մեր մաեստրոյին
Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (https://www.facebook.com/M4FFoundation/posts/pfbid0zvHqaXL1ftHzGN5F566bDuRx6us8aFehSiTeAEaPNKjbFzkp4VB3HCRgiLUfH2wol), որի հիմնադիրն է մաեստրո Սմբատյանը։
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։
Հենց այդպիսին է Սերգեյ Սմբատյանը։ Մաեստրո Սմբատյանը ոչ միայն դասական արվեստի կրողն ու քարոզողն է, այլև այն եզակի անհատներից, որոնք այսօր կառուցում են Հայաստանի երաժշտական ապագան։ Նա գիտակցում է, որ ապագայի մասին խոսելը չէ, որ վաղը մեզ կարող է բերել հաջողություն: «Երեխաները մեր ապագան են». տարածված այս խոսքը Սերգեյ Սմբատյանը վերափոխել է. «Երեխաները մեր ներկան են, և մենք պետք է գործենք այսօր մեր երեխաների ապագան կերտելու համար»: Սերգեյ Սմբատյանը նաև այն բացառիկ արվեստագետներից է, որ ոչ թե խոսում է ծրագրերի մասին, այլ կարողանում է ծրագրերը, տեսլականն ու նախագծերը կյանքի կոչել, իրականություն դարձնել։ Խոսքն իրականություն դարձավ 4 տարի առաջ` Մաեստրո Սմբատյանի ջանքերով «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ստեղծմամբ, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է նա։ Իսկ նպատակը տաղանդավոր պատանի երաժիշտներին բացահայտել, կրթել ու զարգացնելն է։
Չորս տարիների ընթացքում Մաեստրոյի շնորհիվ պատանի տաղանդավոր երաժիշտների շուրջ համախմբվել են գաղափարակիցներ, որոնք կիսում են նրա հետ մեկ կարևոր գաղափար. ապագային ուղղված հայացքը պարզ բարեգործությունը վերափոխում է ներդրման։ Եվ հենց այդ գաղափարների շնորհիվ այսօր կրթվում է սերունդ, որն իրավամբ կերտելու է մեր ապագան, կրելու, տարածելու և աշխարհին է ներկայացնելու հայկական մշակութային արժեքները։
Այս չորս տարիների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները հասել են աներևակայելի հաջողությունների` 100-ից ավելի միջազգային մրցույթներում առաջնային մրցանակներ, ավելի քան 300 վարպետության դասեր աշխարհի ամենահեղինակավոր արտիստների հետ, համերգային գործունեություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այցելություններ Հայաստանի թանգարաններ, լավագույններն արդեն հիմա ուսանում են Լոնդոնում, Օսլոյում, Վիեննայում` հետագայում հայրենիք վերադառնալու նպատակով, և այս ցանկը երկար կարելի է շարունակել:
Սա մշտական աշխատանք է, բայց այս ամենն այսօր վտանգված է և փլուզման եզրին է: Այսօր մեր Մաեստրոն զրկված է իր մեծ գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից։ Մաեստրոյի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ, պայքար հանուն կրթված քաղաքացի դաստիարակելու, հանուն հայկական դասական արվեստի զարգացման։ Եվ Մաեստրո Սմբատյանն իր այդ պայքարը պետք է շարունակի, շարունակի Հայաստանի ու աշխարհի բեմերում, երեխաների համար ստեղծած կրթական հարթակներում։ Ու մենք օգնելու ենք նրան այդ պայքարում։ Մենք մշտապես նրա կողքին ենք։ Մենք սպասում ենք մեր Մաեստրոյին»։