21/08/2023 13:49
Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը
Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
Նշված է․ «Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք.
-նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում
-դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)
-դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը
-դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի
-յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը)
-դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել
-դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:
Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):
Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին»: