21/08/2023 13:16
Մոտ 10 տարի է՝ այց չի եղել, կողմերից որևէ մեկի մեղավորությունը չէ սա․ Բելգիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ
Բելգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայատսանի և Բելգիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը այս պահին շատ բարձր է։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է հայ-բելգիական հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության ներուժ ունեցող ոլորտներին։
Ըստ դեսպանի` Հայաստանը եւ առհասարակ մեր տարածաշրջանը վերջին ժամանակներում ԵՄ եւ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են, իսկ Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանություն բացելու որոշումը դրա արտացոլանքներից մեկն է։ Առաջիկա օրերին էլ Հայաստան կժամանի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։
-Տիկին Աղաջանյան, Բելգիայի արտգործնախարարն աշխատանքային այցով Երեւան է ժամանելու, բայց մինչ դրան անդրադառնալը խոսենք հայ-բելգիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակի մասին։ Ինչպես ե՞ք գնահատում հարաբերությունների ներկա մակարդակը։
-Այս պահին քաղաքական երկխոսությունը բավական բարձր է։ Վերջին շրջանում բելգիական կողմում ակտիվ հետաքրքրվածություն կա մեր հանդեպ։ Դրան, իհարկե, նպաստում է մեր լայն տարածաշրջանի ներկա վիճակը եւ բելգիական խորհրդարանի կողմից առկա շատ մեծ հետաքրքրվածությունը, որը բնականաբար արտացոլվում է կառավարության գործողություններում, դիրքորոշումներում։ Խորհրդարանից անընդհատ հարցեր են գնում կառավարությանը, բոլոր հարց ու պատասխանների ժամանակ գոնե մեկ կամ երկու պատգամավոր Արցախի, Հայաստանի եւ տարածաշրջանի մասին հարց է տալիս։ Այսինքն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հարաբերություններն ակտիվ են։ Բելգիայի արտգործնախարարի այցը դրա դրսեւորումներից մեկն է։ Այցի մասին վաղուց էինք խոսում, դեռ նախարար Վիլմեսի (խմբ․ Սոֆի Վիլմես՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020-2022 թվականներին) ժամանակ։ Մոտ տասը տարի է՝ այց չի եղել, եւ կողմերից որեւէ մեկի մեղավորությունը չէ սա։ Վերջին տարիներին եղավ կորոնավիրուսի համավարակը, որից հետո կուտակված շատ այլ ճամփորդություններ կային, որ նրանց համար, բնականաբար, հասկանալի պատճառներով առաջնահերթություն էին։ Հետո նախարար Վիլմեսը ստիպված ընտանեկան պատճառներով հրաժարական տվեց, եւ այցը կրկին հետաձգեց։ Բայց նախարար Լահբիբը շատ մեծ հետաքրքվածություն ունի մեր տարածաշրջանի հանդեպ։ Ամիսներ առաջ, երբ նա հանդիպեց մեր նախարարի հետ եւ հրավեր ստացավ, ասաց, որ մեծ ցանկություն ունի և մոտ ապագայում անպայման կայցելի Հայաստան։ Նա իր խոսքի տերը եղավ։
-Ո՞րն է Բելգիայի արտգործնախարար տիկին Լահբիբի այցի հիմնական նպատակը։ Ի՞նչ ակնկալիքներ կան։
-Մեկ-երկու բառով ձեւակերպել հնարավոր չէ։ Այցի հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել հարաբերություններին, էլ ավելի զարգացնել քաղաքական երկխոսությունը, գտնել համագործակցության նոր եզրեր։ Հոկտեմբերին նախատեսվում է բելգիական առեւտրի պալատի պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան։ Նախարար Լահբիբի այցն ինչ-որ իմաստով քաղաքական հիմք է նախապատրաստում առեւտրատնտեսական հարաբերությունների համար։ Բելգիան հիմա տարածաշրջանով շատ է հետաքրքրված։ Նախկինում նրանց ասածը միշտ նույնն էր՝ «մենք ԵՄ դիրքորոշման մաս ենք, առանձին դիրքորոշում չունենք, հայտարարություններ չենք անում»։ Բայց Հայաստանում դեսպանություն բացելը լուրջ ազդակ է, հատկապես, որ վերջին տարիներին հաճախ ասում էին՝ նյութական միջոցներ չունենք, ստիպված ենք դեսպանություններ փակել։ Բայց պետք է ընդգծել, որ Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու որոշում կայացնելու հարցում Լահբիբի դերը շատ լուրջ էր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։