21/08/2023 21:20
Վրաստանը մոտ 45 տոկոսով ավելացրել է Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծման ծավալը
Ռուսաստանից Վրաստան հեղուկ գազի մատակարարման ծավալն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 44,2%-ով, հայտնել է Վրաստանի նավթամթերք ներմուծողների միությունը։
«2023 թվականի հունվարից հուլիս ժամանակահատվածում հեղուկ գազի ներմուծումը կազմել է 31,5 հազար տոննա, ինչը 9,66 հազար տոննայով, այսինքն՝ 44,2 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ հեղուկ գազի 99,6%-ը, այսինքն՝ 31,36 հազար տոննան, Վրաստան է մատակարարվել Ռուսաստանից։
Ընկերության հայտնած տվյալների համաձայն՝ նավթի բիտումի ներմուծումը տարվա առաջին 7 ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,2%-ով՝ կազմելով 61,1 հազար տոննա։ Բիտումի մեծ մասը մատակարարվել է Ռուսաստանից՝ 44,4%-ը։ Երկրորդ տեղում Իրաքն է՝ 31,7%, երրորդում՝ Թուրքիան՝ 21,4%, ապա Ադրբեջանը՝ 2,3% և Թուրքմենստանը՝ 0,2%։