21/08/2023 22:00
Իտալացի հնագետները Պոմպեյի ավերակներում պեղումների ժամանակ ստրուկների համար նախատեսված կացարան են հայտնաբերել
Իտալացի հնագետները հնադարյան Պոմպեյի տարածքում պեղումների ժամանակ ստրուկների համար նախատեսված կացարան են հայտնաբերել, այդ մասին հայտնել է Իտալիայի մշակույթի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, կացարանը հայտնաբերվել է Պոմպեյի պարիսպներից հյուսիս ընկած հատվածում՝ Չիվիտա Ջուլիանա վիլլայում, այնտեղ նաև կենցաղային իրեր են հայտնաբերվել․ երկու մահճակալ, երկու պահարան, կերամիկական անոթներ, որոնցում հնագետները կրծողների մնացորդներ են հայտնաբերել։
«Գտածոների շնորհիվ ակնհայտ է դառնում, թե ինչ անմխիթար ու հակասանիտարական պայմաններում են ապրել այն ժամանակվա հասարակության ստորին խավերը»,- նշված է Իտալիայի մշակույթի նախարարության հաղորդագրությունում։
Հատկանշական է, որ կացարանում ճաղավանդակներ կամ դռան վրա կողպեքներ չեն հայտնաբերվել, ինչն, ըստ հնագետների, նշանակում է, որ ստրկատերերը ստրուկներին հսկել են՝ առանց ֆիզիկական ուժ կիրառելու։
Չիվիտա Ջուլիանայում պեղումները առաջին անգամ իրականացվել են 1907-1908 թվականներին և վերսկսվել են 2017 թվականին։ 2021-ին այնտեղ մեկ այլ կացարան էին հայտնաբերել, որում, ըստ ենթադրության, ստրուկների ընտանիք է բնակվել։ 16 մետրանոց տարածքում 3 մահճակալ էր հայտնաբերվել, մեկը՝ մանկական, նաև սնդուկ, կենցաղային իրեր։