21/08/2023 15:16
Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան
Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար ապրանքների, ալյուրի և այլ առաջնահերթ սննդի առաքումները Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց հավաքել իրենց աճեցրած ցորենն ու հաց թխել:
Այս խնդրի հումանիտար կողմը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն է, իսկ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց վտարելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:
Կարծես թե, միջազգային հանրությունն ուզում է ասել, որ ի վիճակի չէ ո՛չ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան հաց թխելու համար դաշտերից ցորեն հավաքել, ո՛չ էլ ապահովել Լաչինի միջանցքում արդեն 3 շաբաթ կանգնած ալյուրի առաքումը 120 հազար մարդու»,- գրել է Մարուքյանը: