21/08/2023 21:34
Դիտարկվում են COVID-19-ի առաջացման բոլոր վարկածները, բայց ավելի հավանական է, որ այն բնական ծագում ունի․ ԱՀԿ ավագ գիտաշխատող
Ավելի հավանական է այն թեզը, որ COVID-19-ը բնական ծագում ունի, քան այն, որ լաբորատոր արտահոսքի պատճառով է առաջացել, թեև բոլոր վարկածները դիտարկվում են, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Ջերեմի Ֆարրարը։
«Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ COVID-19-ի բնական ծագումն ավելի հավանական տարբերակ է, սակայն հնարավոր չէ անտեսել այնպիսի գործոններ, ինչպիսիք են համավարակի ծագման աշխարհագրությունը, էպիկենտրոնը»,- ասել է նա։
Ֆարրարը հավելել է, որ մինչև հիմա չի բացառում նաև COVID-19-ի ծագման վերաբերյալ մյուս թեզերը, ներառյալ՝ պատահական արտահոսքը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից կամ վարակի փոխանցումը քաղաքի շուկայում վաճառվող կենդանիներին, նրանցից էլ՝ մարդկանց։
ԱՀԿ փորձագետն ընդգծել է, որ կողմ է հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով Չինաստան կազմակերպության նոր առաքելություն ուղարկելու գաղափարին, բայց միայն այն դեպքում, եթե Պեկինը ինֆորմացիայով կիսվելու հստակ պատրաստակամություն հայտնի։