22/08/2023 13:18
Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում, հուսով ենք՝ դրանք պատմական շրջադարձի կհասնեն. Բելգիայի ԱԳՆ (Տեսանյութ)
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։
«Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ 2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», - նշեց նա։
Լահբիբի խոսքով, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել:
«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն», - ասաց նա։
Լահբիբը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պարտավորությունն ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
«Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք 2024 թվականի հունվարի 1-ից Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի, Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է և համաշխարհային անկայուն իրավիճակում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերությունը», - նշեց նա: