22/08/2023 21:32
Հունաստանի ընդդիմությունը քննադատել է երկրի վարչապետին՝ Ուկրաինայի հարցում մոտեցման համար
Հունաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Արմատական ձախերի կոալիցիա - Առաջադիմական դաշինքը դեմ է Հունաստանի ուղիղ ներգրավմանը ուկրաիանական հակամարտությանը և խիստ վտանգավոր է համարում ուկրաինացի օդաչուներին վերապատրաստելու նախաձեռնությունը, որով հանդես է եկել Հունաստանի վարչապետը։ Այդ մասին նշված է հույն ընդդիմադիրների տարածած հայտարարությունում։
Ըստ դրա՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հունաստանի կողմից եվրոպական շահերն առաջ մղելու պատրաստակամությունը, ինչը
«Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարությունը Հունաստանին պարտավորեցնում է շարունակել ռազմական օգնության տրամադրումը, երկկողմ երաշխիքները և աջակցությունը Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին, սակայն այսպիսով Հունաստանի վարչապետը ևս մեկ անգամ իր «կամավոր դաշնակցի» հավատարմագրերի պատճենն է ի ցույց դնում՝ եվրոպական հիմք ունեցող անդրատլանտյան շահերը առաջ մղելու գործում։ Փաստացի, նա ստանձնում է այնպիսի պարտավորություններ, որոնք վտանգավոր են Հունաստանի համար և թուլացնում են նրա դերը որպես խաղաղության և կայունության հենասյուն՝ չապահովելով մեր երկրի շահերը»,- նշված է հայտարարությունում։
Ընդգծվում է նաև, որ Միցոտակիսի և Զելենսկու համատեղ հայտարարությունում ոչ մի տեղ չի հիշատակվում Թուրքիան, իսկ Զելենսկու կողմից չի հիշատակվում նաև Կիպրոսի հարցը։
«Արմատական ձախերի կոալիցիա - Առաջադիմական դաշինքը» կտրականապես դեմ է վերը նշված պարտավորություններով Հունաստանի ուղիղ ռազմական ներգրավմանը Ուկրաինայում ընթացող պատերազմին, ինչպես նաև խիստ վտանգավոր գործոն հանդիսացող՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, ինչը, համաձայն հայտարարության, պարոն Միցոտակիսի առաջարկն է եղել»,- նշված է Հունաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարությունում։
Նշենք, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ Հունաստանը կմիանա ուկրաինացի օդաչուներին F-16-երի համար վերապատրաստելու ծրագրին։