22/08/2023 13:35
Կայուն խաղաղության հասնելու համար ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլինի՝ ՌԴ, ԱՄՆ, թե՞ Շառլ Միշելինը. Բելգիացի լրագրողը՝ Միրզոյանին (Տեսանյութ)
Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ բելգիացի լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե կայուն խաղաղության հասնելու համար, իր կարծիքով, ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլինի՝ ՌԴ, ԱՄՆ, թե՞ Շառլ Միշելինը:
«Իրականում Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, չեզոք միջնորդությամբ: Մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով, մղումներից ելնելով արվում են: Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝ նախագահ Միշելի միջնորդությամբ: Ինքս ադրբեջանցի գործընկերոջս հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունցել Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության միջնորդությամբ: Նաև հանդիպումներ ենք ունենում Մոսկվայում, այլուր: Բառացիորեն վերջերս այդպիսի հանդիպումների եմ մասնակցել և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում: Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները աշխատեն և կյանքի կոչվեն: Ցավոք, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, հետո իրականության մեջ, գետնի վրա մենք այդ պայմանավորվածությունը չենք տեսնում»,-նշեց Արարատ Միրզոյանը:
Նա օրինակ բերեց, որ մինչ այժմ չենք տեսնում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր եղել են փակ հանդիպումների ժամանակ.«Սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից։
Եվ երկրորդը․ ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև հակառակը, մենք ճիշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում, մասնավորապես, մենք մինչ խոսում ենք այն մասին, որ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս և առանց դրա հնարավոր չէ ակնկալել երկարատև և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ ժողովրդի պաշարում, սովամահության դրդում, անհրաժեշտ դեղորայքից զրկում, այդ թվում և երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- նշեց նախարարը:
Միրզոյանը, վերադառնալով բուն հարցին, ավելացրեց, որ հարթակների միջև տարբերություն չեն դնում: