22/08/2023 19:02
Լուկա Յուրիչիչը «Փյունիկից» տեղափոխվում է «Կլուժ»
Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը տեղափոխվում է ռումինական «Կլուժ», տեղեկանում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից։
Լուկա Յուրիչիչը երևանյան թիմին էր միացել 2022 թվականի ամռանը՝ հարավկորեական «Գիմպո» ակումբից:
Յուրիչիչը իր գոլերով օգնել է «Փյունիկին» նախորդ մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ է գրանցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1): Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի վերջին գոլը ևս նրա անվան դիմաց է գրանցված («Փյունիկ» 1-2 «Բազել»):
26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Բացի ռմբարկու լինելուց, Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Ողջույն, Փյունիկի երկրպագուներ, մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը՝ Փյունիկի մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո և աջակցության համար։ Երևանն ու Փյունիկը հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՜ջ, Փյունիկ»,-ասել է Լուկան՝ դիմելով երկրպագուներին։