22/08/2023 21:18
«Եթե ավելի ուշ լինի, հուսահատվել պետք չէ»․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Արևմուտքից F-16 կործանիչներ կստանան կես տարուց ոչ շուտ
Կիևն արևմտյան գործընկերներից F-16 կործանիչներ կստանա ամենաշուտը 6-7 ամսից, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Կարծում եմ՝ 6-7 ամիսն է այն նվազագույն ժամկետը, որին պետք է ապավինել, բայց եթե ժամկետն ավելի երկարի, հուսահատվել պետք չէ»,- Ռեզնիկովի խոսքերն է մեջբերել «РБК-Украина»-ն։
Ռեզնիկովը նշել է, որ կործանիչ ինքնաթիռներն ստանալուց բացի, ոչ պակաս կարևոր է նաև օդաչուների, սպասակող անձնակազմի, ինժեներների և տեխնիկների վերապատրաստումը, իսկ նրանք մի քանի հարյուր հոգի են։
«Որքան ժամանակ կպահանջվի դրա համար, դժվար է ասել»,- հավելել է նա։
Նշենք, որ Կիևը վաղուց է դիմել Արևմուտքին՝ իրեն F-16 կործանիչներ տրամադրելու խնդրանքով։ Նախօրեին NBC հեռուստաալիքը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտոնատար շրջանակներում իր աղբյուրին, գրել էր, որ Կիևում վրդովված ու տարակուսած են F-16-երի մատակարարման ձգձգումների պատճառով, սակայն այդ մասին հրապարակայնորեն չեն արտահայտվում։ NBC-ն նշել էր նաև, որ գործընթացը ձգձգվում է ոչ այնքան տեխնիկական, որքան քաղաքական պատճառներով։