22/08/2023 21:54
Նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունը հերթական միլիարդն է ստացել պետությունից․ «Հետք»
Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում․ միայն 2023 թվականի ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 մլրդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից, գրում է «Հետք»-ը։
Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը` Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։
«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիարդ դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ կնքած պայմանագրի արժեքն էլ կազմել է 432 միլիոն դրամ, որի դիմաց «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է հիմնանորոգի Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանը։ Այդ պայմանագիրը կնքվել է տարեսկզբին՝ 2023թ․ հունվարի 24-ին։
Այս տարվա մյուս երկու պայմանագրերի պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը։ Հունիսի 30-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն 120 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է բարեկարգել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 23 մանկապարտեզի բակը։ Քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև մարտի 1-ին կնքված պայմանագրով էլ ընկերությունը կատարել է Երևանի կենդանաբանական այգու էլեկտրական ներքին ցանցի բարելավման աշխատանքներ, որի համար ստացել է 58 մլն դրամ։
Նախորդ տարիներին ևս «Բիդեք» ՍՊԸ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ՝ 2022 թվականին 2,6 միլիարդի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեն՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանանքերի համար։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում