22/08/2023 11:00
«Ժողովուրդ». Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բնակարան է գնել Երևանի կենտրոնում:
Փոխնախարարը 31 մլն 600 հազար դրամ արժողությամբ նորակառույց բնակարանի միանձնա սեփականատերն է: Բացի այդ, նա հանդիսանում է 2011 թվականին գնված բնակարանի համասեփականատեր: Փոխնախարարը բանկային հաշիվներին 1 մլն դրամ է ունեցել, իսկ, որպես կանխիկ գումար, նշել է 13 մլն դրամը: Նա մեկ տարվա ընթացքում 17 մլն դրամ է վաստակել աշխատավարձից և համալսարաններից, որտեղ դասավանդում է:
Գիլոյանը նաև 45 մլն դրամի վարկ ունի, որը մարելու համար 2 մլն 500 հազար դրամ է ծախսել: Նշենք, որ Կարեն Գիլոյանը այն պաշտոնյաներից է, որը մշտապես փորձում է հաճոյանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս էլ, կարծես թե, դուր է գալիս Գիլոյանի «խոնարհ» վիճակը, ինչի համար գրեթե բոլոր քեֆ-հավաքույթներին Գիլոյանը ներկա է, անգամ կիթառ է նվագում՝ հանուն վարչապետի: Դա դրսևորվեց, երբ մայիսին (երբ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին) Գիլոյանը շատ բարձր տրամադրությամբ կիթառ էր նվագում խարույկի մոտ:
Քրեական ենթամշակույթը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության սպորտի փոխնախարար Գիլոյանը 2021 թվականի փետրվարին նախարարության անունից շնորհակալագիր էր հանձնել Արտյոմ Կանևսկոյ անունով, մի քանի քրեական գործով անցնող Արտյոմ Հարությունովին, իսկ հետո հայտարարել. «Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրող է, թե ոչ, հանցագործ է, թե հանցագործ չէ. ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում։ Եթե երբևէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ»»։