22/08/2023 10:52
«Հրապարակ». Կան ուժեր, որոնց ցուցակի թվակազմը հուշում է, որ օլիմպիական մասնակցություն են ապահովում Երևանի ավագանու ընտրություններում
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների ցուցակների թվակազմը վկայում է, թե որ ուժերն են պատրաստ իրական պայքարի, իսկ որոնք են առաջադրվել այլևայլ նպատակներով։ Հիշեցնենք՝ Երևանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, 65 անդամ ունի։
Իշխող ՔՊ-ն 181 հոգանոց ցուցակ է ներկայացրել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 129, «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է Հայկ Մարությանը, 71 թեկնածուից է, Արամ Զավենիչի «Հանրապետությունը»՝ 68, ԼՀԿ-ն՝ 50, մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երևանի ավագանու կեսն է։ Օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» և Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին և օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել և պայքարի մեջ մտնել»։