22/08/2023 15:59
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ. 7 օր կմնա կարանտինային պայմաններում
Անչափահաս դստերը կտտանքների ենթարկած Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանի տեղեկացմամբ՝ ընթացակարգով նախատեսված է, որ նրան մինչև 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա 7 օր անց կտեղափոխեն մեկուսարան։
Նշենք, որ ձեռքբերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին Ա.Ա-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է կին և անչափահաս դատապարտյալների և կալանավորված անձանց համար: