22/08/2023 16:07
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը 2022 թվականին մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Այս մասին նշված է համայնքապետի՝ 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։ Եկամուտը ձևակերպված է որպես ստացված փոխառություն։ Այդ մասին գրում է Հետքը։
Այս գումարի հիմնական մասը Արսենյանը ստացել է արտարժույթով՝ 83 հազար ԱՄՆ դոլար և ավելի քան 15,2 միլիոն Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ, որը ըստ Կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համարժեք է եղել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի կամ 4.1 միլիոն ԱՄՆ դոլարի։
Աշոտ Արսենյանից ստացած գումարը գրեթե ամբողջությամբ նշված է նաև Ջերմուկի համայնքապետի ծախսերի բաժնում։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Վահագն Արսենյանը հայտնեց, որ նշված գումարը իր կողմից տրվել է որպես կանխավճար՝ անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ կանխավճարից բխող գործարքները շարունակվել և ավարտվել են 2023 թվականին։
«Անշարժ գույքը և ավտոմեքենան սեփականության իրավունքով ինձ փոխանցվել են 2023 թվականին և որպես սեփականություն արտացոլված կլինեն 2023 թվականին իմ կողմից ներկայացվելիք հայտարարագրում»,- նշված է համայնքապետի պատասխանում։
Քանի որ Արսենյանի ծախսերը ներկայացված են արտարժույթով, գերակշիռ մասը՝ էմիրությունների դիրհամով, կարելի էր ենթադրել, որ համայնքապետը անշարժ գույք ձեռք է բերել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Արսենյանը չհերքեց՝ ասելով, որ այդ մասին կնշի 2023թ․ հայտարարագրում։
Բացի հորից ստացած եկամտից՝ Վահագն Արսենյանը 25 միլիոն 350 հազար դրամի փոխառություն ստացել է նաև Նորայր Մովսիսյանից և շուրջ 4 միլիոն դրամ՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Արսենյանը նաև 2021 թվականի արտադրության PORSCHE 911 GT3 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել, որը ձեռք է բերել նույն տարում։ Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ համայնքապետը մեքենան գնել է «Ավտոհաուս» ՍՊԸ-ից 118 միլիոն դրամով։
2022-ի ընթացքում Արսենյանը 4 անշարժ գույք է ձեռք բերել Ջերմուկ համայնքում և Երևանում։ Ըստ հայտարարագրի՝ Ջերմուկում հասարակական նշանակության 3 շինություն համայնքապետը գնել է եղբորից՝ Արսեն Արսենյանից։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում էլ ավտոկայանատեղի է ձեռք բերել՝ 4 նոր անշարժ գույքի համար ծախսելով ընդհանուր 106 միլիոն դրամ։ Տարվա վերջում առկա անշարժ գույքի քանակը 19 է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։