22/08/2023 09:53
«Ժողովուրդ». Փաշինյանը անձնական օգտագործման արտոնյալ օլիգարխներ է աճեցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պարտք է պետությանը, վճարման համար ժամանակ է խնդրում, մյուս կողմից էլ՝ բարեգործություն է անում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման համար Նարեկ Նալբանդյանը հուլիսի 1-ին պետությանը պետք է վճարեր 1 մլդ դրամ, սակայն չի վճարել, գրավոր խնդրել է իրեն ժամանակ տրամադրել, մինչև վճարի: Բնականաբար, բավարարվել է խնդիրը:
Այսինքն՝ դեռ վերջնականապես գնված չէ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, սակայն այն շահագործման հանձնելու քայլեր են արվում։ ArmLur.am-ը տեղեկացավ՝ նախօրեին Ծաղկաձորում վառվել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցի և դեպի հյուրանոց տանող ոլորապտույտ ճանապարհի լույսերը։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր օլիգարխներին աճեցնելու ճանապարհին 2019 թվականին կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախկինում էլ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեցին մաքսատուրքից։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի վերոնշյալ ընկերությունից, Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նա, սակայն, բարեխիղճ չի աշխատում: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 30-ին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել է 3 մլն 44 հազար 534 դրամի չափով, քանի որ Նալբանդյանի ընկերության կողմից արտադրված ECO և ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել էին այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Հիշեցնենք նաև, որ Նալբանդյանն այն օլիգարխն է, ում կինը քրեական գործի առկայության պայմաններում ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող, կալանքի տակ եղած առանձնատունը. իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։
Նման անբարեխիղճ և մոնոպոլ բիզնես պատմություն ունեցող օլիգարխ Նալբանդյանը, որը չի կարողանում մարել 1 մլդ պետության պարտքը, նաև նախկինում մեծ քանակի տուգանքներ ունի, հովանավորում է Համահայկական խաղերը և անգամ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց: Այսինքն՝ «պոզով պոչով կոռուպցիան» մերժող Նիկոլ Փաշինյանը անձնական օգտագործման արտոնյալ օլիգարխներ է աճեցնում»։