22/08/2023 10:03
«Ժողովուրդ». Փաշինյանը սառն է եղել Սյունիք շտապած Արմեն Խաչատրյանի, Դավիթ Դանիելյանի և Կարեն Համբարձումյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած օգոստոսի 17-ի այցը նոր ինտրիգ է դարձել ՔՊ-ականների համար: Պագամավորները շտապել են Սյունիք, որ այցը լավ կազմակերպեն, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը և Կարեն Համբարձումյանը արդեն տևական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար և երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է «նիկոլական»:
Տպավորություն էր, որ սյունեցիների դժգոհություններն արդեն անցյալում են, և թե՛ սյունեցիները, թե՛ համայնքապետերը հարմարվել են իրավիճակին, որ իրենց գյուղը այս իշխանությունների օրոք դարձել է առաջնագիծ, իսկ մի մասն էլ ուղղակի թշնամու տիրապետության տակ է:
Նույնիսկ այս պայմաններում մարդիկ, համաձայն եթերի, արդեն պատրաստ են «սյունյաց» ողջույնի փոխարեն գրկաբաց դիմավորել Փաշինյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվել է երկար ջանքերից հետո Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերին հավաքել մի տեղ, որպեսզի պատշաճ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը և Կարեն Համբարձումյանը, ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում, բայց նրանց ջանքերը ի դերև են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ»։