22/08/2023 12:45
Մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է շուրջ 65 մլն. ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ մանկապարտեզի տնօրենը, 2000-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտվելով իր պաշտոնեական լիազորություններից, մասնավորապես՝ կազմակերպության ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից, 2015թ. հունվարից մինչև 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված, մանկապարտեզի բյուջեում ներառված ֆինանսական միջոցները նպատակային ծախսելու և ի շահ մանկապարտեզի օգտագործելու փոխարեն, մանկապարտեզի գլխավոր հաշվապահին հրահանգել է ստորագրել տարբեր չափերի գումարների կանխիկացման չեկեր իր և դստեր անուններով: Նշված չեկերը ստորագրելուց հետո գլխավոր հաշվապահը փոխանցել է տնօրենին, որոնք վերջինս կնքել է կազմակերպության կնիքով: Այնուհետև, մանկապարտեզի տնօրենի հրահանգով, գլխավոր հաշվապահը և նրա դուստրը տարբեր բանկերից կանխիկացրել են գումարները և փոխանցել տնօրենին:
Վերը նկարագրված սխեմայի կիրառմամբ ՀՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.051.590 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: