23/08/2023 19:14
Ղրիմում ձերբակալել են «Եհովայի վկաներ»-ի առաջնորդին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ղրիմի Ջանկոյ քաղաքում ձերբակալել են Ռուսաստանում ծայրահեղական հռչակված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բջիջներից մեկի ղեկավարին, հայտնում է ՌԴ ՔԿ Ղրիմի և Սևաստոպոլի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Կրոնական այս կազմակերպության գործունեությունը ՌԴ տարածքում արգելված է։
««Եհովայի վկաներ» արգելված կրոնական կազմակերպության Ջանկոյի բջջի ղեկավարի գործունեությունը կասեցվել է։ Նա տեսակապի միջոցով հավաքներ էր կազմակերպում և քարոզում արգելված կազմակերպության գաղափարախոսությունը՝ դա ուղեկցելով ծայրահեղական բնույթի նյութերի հեռարձակմամբ։ Զբաղվում էր նաև նոր համախոհների ներգրավմամբ, հավաքագրմամբ, նվիրատվությունների հավաքագրմամբ ու բաշխմամբ»,- նշված է հաղորդագրությունում։
«Եհովայի վկաներ»-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 1-ին մասով (արգելված կրոնական կազմակերպության գործունեությունը կազմակերպելը): Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ծայրահեղական գրականություն։