23/08/2023 22:05
Ասբեստոզ. Թոքային հիվանդության հարուցիչը
Ասբեստոզը թոքային հիվանդություն է, որը պատճառվում է ասբեստի փոշու երկարաժամկետ ներգործությունից:
Տարիներ շարունակ ասբեստի փոշու ներշնչելը կարող է առաջացնել թոքերի և թոքերը ծածկող թաղանթի (թոքամիզ կամ պլևրայի) սպիական փոփոխություններ:
Ասբեստը սիլիկատների դասի նուրբ թելային հանքանյութերի հավաքական անվանումն է։ Ասբեստը կազմված է խիստ բարակ նրբաթելերից և բյուրեղներից, որոնք կարող են ներշնչվել և թափանցել ամենաբարակ շնչուղիները՝ առաջացնելով թոքային հյուսվածքի գրգռում: Թոքերն ինքնուրույն ի վիճակի չեն մաքրվելու այս նյութերից:
Ասբեստն անցյալում լայնորեն օգտագործվել է ամենատարբեր բնագավառներում՝ շինարարություն, հրթիռաշինություն, ավտոմեքենաների արդյունաբերություն, սակայն առողջությանը վնասող հատկությունը հայտնաբերվելուց հետո աստիճանաբար դուրս է մղվել արտադրությունից: Այնուամենայնիվ, մինչ օրս ասբեստային շինվածքները պահպանվել են բազմաթիվ շենքերի տանիքներում և ենթակառուցվածքներում (օրինակ՝ ասբեստային խողովակներ):
Ասբեստի փոշու ներգործությանը ենթարկվելու ամենաբարձր ռիսկում շինարարներն են, ասբեստի հանքավայրերի կամ մշակման գործարանի աշխատողները և շրջակա բնակիչները:
Ասբեստի փոշու ներգործությունից առաջացնած հիվանդություններ
Ասբեստի փոշու երկարաժամկետ ազդեցությունը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:
Մեզոթելիոմա. մեզոթելիոման թոքերը ծածկող թոքամզի (պլևրա) քաղցկեղն է: Հիվանդությունը կարող է զարգանալ երկարատև ժամանակի՝ 20-40 տարվա ընթացքում, սակայն առաջանալուց հետ արագորեն տարածվում է: Սովորաբար մեկ տարվա ընթացքում բերում է մահվան:
Ասբեստոզ. ասբեստոզը շնչուղիների քրոնիկ գրգռումն է, որը պատճառվում է ասբեստի նրբաթելերի երկարաժամկետ ազդեցության պատճառով: Հիվանդությունն ընթանում է շնչառության վատացմամբ և տարիների ընթացքում աստիճանաբար ծանրանում է նույնիսկ ասբեստի ներգործության դադարեցումից հետո:
Թոքի քաղցկեղ. թոքի քաղցկեղը կարող է զարգանալ ասբեստի մանրաթելեր շնչած մարդկանց մոտ: Առավել հաճախ հանդիպում է ծխող մարդկանց շրջանում:
Պլևրալ հիվանդություն. պլևրալ հիվանդությունը թոքամզի բորբոքումն է: Այն առաջացնում է շնչառության հետ կապված կրծքավանդակի սուր ցավեր և հևոց:
Այլ քաղցկեղներ. ասբեստի ներգործությունը կարող է նաև բարձրացնել կոկորդի, ձվարանի և ամորձիների քաղցկեղի ռիսկերը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։