23/08/2023 17:27
Միացյալ Թագավորությունում տեղյակ չեն Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին
Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին, «Արմենպրես»-ին ասել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո, դեսպանատնից պատասխանել են․
«Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակվող խափանումների կապակցությամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանն ու ծառայությունների մատուցմանը՝ հումանիտար հետևանքներ առաջացնելով տեղի բնակչության համար:
Ուստի շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի որոշումը հարգվի՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով:
ՄԹ-ն տեղյակ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին»: