23/08/2023 13:06
Գորան Բրեգովիչը բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում
Բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը Wedding and Funeral Orchestra-ի հետ օգոստոսի 28-ին Երեւանում՝ Անգլիական այգում հանդես կգան բացօթյա համերգով։ Երաժշտի այցը կազմակերպում են Mezzo Production-ն ու Hin Areni Vineyards-ը, ով արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստան Mezzo Production-ի հրավերով։
Համերգը լինելու է բացօթյա, կլինի նաեւ գինու վաճառք և ներկաներին սպասվում է այլ հետաքրքիր անակնկալներ։ Յուրօրինակ կատարմամբ համերգին հանդես կգա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը, կհնչի հայկական դուդուկն ու Բրեգովիչի երաժշտությունը։
«Բրեգովիչը տարբեր հարթակներոում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը մեր գաղափարները։ Մեր համագործակցությունը Բրեգովիչի հետ բավական երկար տարիների պատմություն ունի, մտերիմ ենք թե իր, թե իր պրոդյուսերի հետ, ով նաեւ Կուստուրիցայի պրոդյուսերն է։ Վերջին անգամ նրա համերգն այստեղ կազմակերպել էինք 2018 թ-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բրեգովիչը տեւական ժամանակ չէր եղել Հայաստանում, եւ միշտ շատ մեծ ուրախությամբ է ընդունում հրավերը, քանի որ սիրահարված է ոչ միայն Հայաստանին, այլեւ հայկական հյուրընկալությանը, խոհանցին, ավանդույթներին, մշակույթին», - նշեց Mezzo Production-ի պրոդյուսեր և Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը: