23/08/2023 23:05
Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա․ «Հետք»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում, գրել է «Հետք»-ը։
Դատախազությունից լրատվամիջոցին հայտնել են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն և ծանոթացել գործի նյութերին:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ քանի միավոր գույք, ինչ չափի գումար է ենթակա բռնագանձման: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրության նյութերն այս փուլում շարունակում են մնալ գաղտնի, ինչով պայմանավորված՝ գույքերի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել դեռևս հնարավոր չէ:
Սակայն դատախազությունից հայտնել են, որ դիմել են Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Որոշ իրավաբանական անձանց արգելվել է անշարժ և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ գույքի վրա դիմումով ներկայացված գումարի չափով արգելանք է դրվել: