23/08/2023 22:20
«Փաշինյանի այսօրվա հայտարարությունը կարող է լինել արտաքին ուժերի պատվեր․ փոխել Հռչակագիրը, Սահմանադրությունը, զինանշանը, հիմնը և սահմանները»․ Արամ Մանուկյան
Անկախության հռչակագիրը ՀՀ–ի բոլոր հաղթանակների հիմքն է ու հայ ժողովրդի պատմության մեջ ընդունված կատարյալ փաստաթուղթը, որից ՀՀ վարչապետի ձեռամբ շատ քիչ բան է մնում, և պատվերով ոչնչացվում է դրա արժեքը, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Անկախության հռչակագրի օրվա նվիրված ուղերձում նշել էր, թե այդ հռչակագրով հռչակվեց Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակվեց Խորհրդային Միությունից հեռանալու բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրվեց մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին արդեն իսկ բերել էր անկախության կորստի:
Երկրի ղեկավարի հայտարարությունը քաղաքական գործիչը համարում է անգրագետ բանաձև, որը բացարձակ կեղծիք է։
«Չգիտեմ` ում պատվերով, ինչ պատվերով կամ ինչ անարժանապատիվ առաջարկ է ստացել վարչապետը, որովհետև դա բացարձակ կեղծիք է. Անկախության հռչակագիրը մեր բոլոր հաղթանակների հիմքն է եղել։ Դրանից հետո է ժողովուրդը ոգևորված 12 000 կմ ազատագրել, դրանից հետո է հինգ տարվա մեջ շուրջ 50 տարվա պատմություն ստեղծող ռեֆորմներ իրականացրել և դարձել աշխարհի ընտանիքին հավասարազոր, արժանապատիվ անդամ։ Այսինքն, մեր բոլոր հաջողությունների հիմքը այս հռչակագրի մեջ է։ Այն կայացել է բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում։ Մեր ժողովրդի պատմությունը ավելի կատարյալ փաստաթուղթ չունի, քան անկախության հռչակագիրն է»,–ընդգծել է Մանուկյանը։
Նա կասկած է հայտնել, որ նման հայտարարությունը կարող է լինել արտաքին ուժերի պատվեր, որոնք պահանջում են փոխել հռչակագիրը, սահմանադրությունը, զինանշանը, հիմնը և սահմանները։ Այդպիսով` վարչապետը ժողովրդին խեղճության, նվաստացման, կոմպլեքսավորված լինելու ուղերձ է հղում։
«Եթե նման գաղտնի պայմանավորվածություններ կան, թող չգցի սովորության համաձայն նախկինների, զինվորների կամ գեներալների վրա։ Հիմա էլ հռչակագրի վրա է գցում, հաջորդը կլինի անկախության վրա, պարզ երևում է իր մոտիվացին, որ պատվեր է»,–նշել է Մանուկյանը։
ՀԱԿ փոխնախագահն ընդգծել է` հռչակագիրն իր փորձությունն անցել է հաղթանակով, և բոլոր դժվար մարտահրավերներից պատվով է դուրս եկել ու որևէ քննության անհրաժեշտություն չունի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կարծում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում