23/08/2023 18:21
«Անընդունելի է»․ Վրաստանում արձագանքել են Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու մասին Մեդվեդևի հայտարարությանը
Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքներին և անընդունելի են, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության փոխնախագահ Ռատի Իոնատամիշվիլին։
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը aif.ru-ում հրապարակված իր հոդվածում նշել էր, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու գաղափարը արդիական է մնում և կարող է իրականացվել, եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ լինեն։
«Ցանկացած հայտարարություն, որը հակասում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կտրականապես անընդունելի է։ Մենք խաղաղ ճանապարհով կվերադարձնենք մեր մարդկանց ու մեր տարածքները։ Սա է մեր գլխավոր ուղերձը աբխազ և օս մեր եղբայրներին ու քույրերին»,- ճեպազրույցի ժամանակ այսպես է Մեդվեդևին արձագանքել Իոնատամիշվիլին։
ՌԴ ԱԽ փոխնախագահի հայտարարությունները ոչ լեգիտիմ է որակել նաև Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Սարջվելաձեն։
Հիշեցնենք՝ Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականին։