23/08/2023 16:52
Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը շատ կարևոր է հետագա քայլերի և գործողությունների համար․ Իշխան Սաղաթելյան
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքի կազմակերպումը իրականացվել է ՀՅ Դաշնակցության կողմից, սակայն մեծ աջակցություն է ստացել տարբեր քաղաքական ուժերի, գործիչների եւ անձանց կողմից, Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա մեկ ուժի հանրահավաք չէ, ու կարեւոր է երկու ժամով գալ հրապարակ եւ ցույց տալ՝ մենք արցախցու կողքին ենք, դեմ ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, նաև ցույց տալ միջազգային հանրությանը, որ դեմ ենք այն ամենին, ինչը կատարվում է Արցախում։
«Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը շատ կարևոր է հետագա քայլերի և գործողությունների համար, բայց այս մեկն ունի իր օրակարգը, նպատակը», -շեշտել է Իշխան Սաղաթելյանն ու հավելել՝ ճիշտ, հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է մեր հայրենակիցներին դուրս բերել համընդհանուր, համաժողովրդական պայքարի։
Սաղաթելյանն անդրադարձել է նաեւ հանրահավաքի կազմակերպմանն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ երբ իրենց ընտրողները քննադատում ու ավելի արդյունավետ քայլեր են ակնկալում՝ նորմալ է, բայց երբ քննադատողներն այլ կուսակցության անդամներն ու ղեկավարներն են՝ ծիծաղելի է։ «Եթե մենք չէինք անում, անեիք, բա ու՞ր էիք»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրը, տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։ Հանրահավաքի նպատակն է ցույց տալ, որ Արցախի կողքին ենք, Արցախը մենակ չէ, ցույց տալ, որ տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։