23/08/2023 10:43
Տարիներ անց էլ շարունակում ենք պայքարը անկախության պահպանման համար․ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Անկախության հռչակագրի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին։ Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է։
Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար։
Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով՝ պետք է առաջ շարժվել՝ հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին»։