23/08/2023 14:53
Արցախի նախագահն իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկություններն առաջիկայում անձամբ կհանրայնացնի․ Խոսնակ
Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը իբր տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։