23/08/2023 09:55
«Հրապարակ». Հայկ Մարությանը դրամահավաքով է սկսելու նախընտրական քարոզարշավը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երևանի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Հայկ Մարությանը կնշանավորի նախընտրական դրամահավաքով։ Նախկին քաղաքապետը գլխավորում է շատերին անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ակունքները գալիս են «Էլեկտրիկ Երևան» շարժումից։ 2018թ․ հոկտեմբերի 3-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացել է 4 հազար 122 քվե կամ ձայների 0.33%-ը։ Դրամահավաքը տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, որին կմասնակցի նաև Մարությանը։ Այն լրատվամիջոցների համար փակ է լինելու։ Դրանից հետո կսկսվի քարոզարշավը:
Մարությանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ, ըստ ամենայնի, դասական քարոզարշավ չի անելու, այլ նա հանդես է գալու տեսահոլովակներով, նրա «Քաղաքապետը» ներկայացումն էլ, որը լավագույն քարոզչությունն է հօգուտ Հայկ Մարությանի, երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել։ Հիշեցնենք, որ օրերս ընտրությունների համար դրամահավաք իրականացրին նաև ՔՊ-ն և ԼՀԿ-ն, իշխող ուժը 506 միլիոն դրամ գումար հավաքեց, ԼՀԿ-ն՝ 10 մլն»։