23/08/2023 09:59
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։
Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները դեռևս 2023թ. մայիսի 29-ին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Դ. Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը դատարանի կողմից մերժվել էր:
Այդ դատական ակտի դեմ պաշտպանները ներկայացրել էին վերաքննիչ բողոք, և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, 2023թ. հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարելով, բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ վարույթն ուղարկելով նոր քննության: Իսկ, ահա, արդեն գրեթե մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները չեն կատարվել, և Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չի քննարկվում, որի վերաբերյալ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինս իր վրդովմունքն է արտահայտել 2023թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ հայտարարելով, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը դիտավորյալ է ձգձգում դատական նիստերը, նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է հատկացնում սույն գործով քննությանը, որպեսզի խափանման միջոցի հարցը կրկին չքննարկի: Նկատենք, որ այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի»։