24/08/2023 18:51
Հաշիմոտոյի հիվանդություն. Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում
Հաշիմոտոյի հիվանդությունը վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում է:
Աուտոիմուն խանգարումը հիվանդություն է, որն առաջանում է առողջ հյուսվածքների վրա իմունային համակարգի գրոհի և վնասման հետևանքով: Հաշիմոտոյի հիվանդության ժամանակ իմունային համակարգի բջիջները հանգեցնում են վահանաձև գեղձի հորմոն արտադրող բջիջների մահվան: Հիվանդությունը սովորաբար հանգեցնում է հորմոնների արտադրության նվազմանը (հիպոթիրեոզ): Ախտահարված վահանաձև գեղձը կարող է զգալիորեն մեծանալ, որը կոչվում է խպիպ (զոբ) կամ, հակառակը, գեղձը կարող է փոքրանալ: Ոչ հազվադեպ, վահանաձև գեղձի մեջ կարող են առաջանալ հանգույցներ կամ պնդացած շրջաններ:
Թեև ցանկացած մարդ կարող է ունենալ Հաշիմոտոյի հիվանդություն, այն առավել տարածված է միջին տարիքի կանանց շրջանում: Առաջնային բուժումը վահանաձև գեղձի հորմոնների փոխարինումն է:
Հաշիմոտոյի հիվանդությունը զարգանում է դանդաղորեն՝ տարիների ընթացքում։
Հիվանդը կարող է չնկատել հիվանդության գանգատները կամ ախտանիշները: Ի վերջո, վահանաձև գեղձի հորմոնների արտադրության նվազումը (հիպոթիրեոզ) կարող է հանգեցնել հետևյալ ախտանիշներից որևէ մեկին՝
հոգնածություն և դանդաղկոտություն,
ցրտի և սառը ջերմաստիճանի անտանելիություն,
փորկապություն,
գունատ և չոր մաշկ,
փքված դեմք,
փխրունացած եղունգներ,
մազաթափություն և գլխամաշկի մազերի նոսրացում,
լեզվի մեծացում,
անբացատրելի քաշի ավելացում,
մկանացավեր, լարվածություն և կարկամություն,
հոդացավեր և կարկամություն,
մկանային թուլություն,
առատ կամ երկարաձգված դաշտանային արյունահոսություն,
դեպրեսիա,
հիշողության վատացում:
Հաշիմոտոյի հիվանդության գանգատներն ու ախտանիշները շատ տարբեր են: Դրանք կարող են առաջանալ մի շարք խանգարումների հետևանքով, կարևոր է հնարավորինս շուտ դիմել բժշի՝ ժամանակին և ճշգրիտ ախտորոշման համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։