24/08/2023 22:19
Շարժվում ենք բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու ճանապարհով․ Գուտերեշ
Համաշխարհային հանրությունը շարժվում է բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու ճանապարհով, սակայն այս միտումը պետք է ուղեկցվի միջազգային կառույցների արդյունավետության բարձրացմամբ, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նա, ի դեպ, առաջին անգամ է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
«Մենք գնում ենք դեպի բազմաբևեռություն, այնուամենայնիվ, միայն դա բավարար չէ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատումը երաշխավորելու համար։ Միջազգային հարաբերություններում խաղաղության, հավասարության և արդարության գործոն դառնալու համար բազմաբևեռությունը պետք է աջակցություն գտնի ուժեղ և արդյունավետ ինստիտուտների կողմից»,- ասել է նա՝ որպես օրինակ բերելով անցած դարասկզբի Եվրոպան, որը, նրա խոսքով, բազմաբևեռ էր, «բայց չուներ ուժեղ, բազմակողմ մեխանիզմներ»։
«Դրա հետևանքը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը։ Ուստի մեզ խիստ անհրաժեշտ է ամրապնդված և բարեփոխված բազմակողմ ճարտարապետություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոսել է նաև «էքզիստենցիալ մարտահրավերների» մասին, որոնց բախվում է ժամանակակից մարդկությունը և մտահոգություն է հայտնել հակամարտությունների աճի կապակցությամբ։