24/08/2023 19:34
Արցախի խորհրդարանի ղեկավարը պահեստազորի սպաների հետ է հանդիպել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ, այն է՝ հնարավորինս վերականգնել հասարակություն –խորհրդարան վստահությունը:
«ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:
ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: