24/08/2023 17:16
«Միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները»․ ԱԳ փոխնախարար
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա-Քզավիե Բելամիին ներկայիս տարածաշրջանային բարդ մարտահրավերների պայմաններում Եվրախորհրդարանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և առկա հումանիտար հարցերի նկատմամբ հետևողական ուշադրության համար՝ կարևորելով նաև ընթացիկ տարվա փետրվարին վերջինիս այցելությունը Լաչինի միջանցքի սկզբնամաս:
Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, որի մասին անդրադարձ է կատարված նաև Եվրախորհրդարանի տարածաշրջանային զեկույցներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զեկույցում:
ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը և Ֆրանսուա-Քզավիե Բելամին անդրադարձել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ քննարկմանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները և Լաչինի միջանցքի վերաբացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համաձայն»: