24/08/2023 17:25
Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կողմից կրակոցներ արձակելու մասին
Հայաստանի կառավարությունը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը, հայտնում է «Ազատություն»-ը։
Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով, լրատվամիջոցին տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։