24/08/2023 17:08
Գաղտնալսումների հետևանքով պաշտոնից ազատված երկրորդ դատախազն է դատական հայց ներկայացրել ընդդեմ Աննա Վարդապետյանի
Արմավիրի մարզի դատախազության նախկին դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, գրել է «Փաստինֆո»-ն։
Աշոտ Մարտիրոսյանը, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր դատախազությունում իրականացված գաղտնալսումների հետևանքով, պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Աննա Վարդապետյանի՝ 312-Ա հրամանը։ Գաղտնալսումներից հետո հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ վարույթ է հարուցվել ու հանձնաժողովն առաջարկել էր նրա նկատմամբ ամենախիստ կարգապահական տույժը` պաշտոնից ազատումը, ինչն էլ կիրառվել է:
Այժմ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը և աշխատանքից ազատելու մասին Վարդապետյանի հրամանը։ Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանը և Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը պաշտոնից ազատվել են՝ դատախազությունում հենց Աննա Վարդապետյանի հովանավորությամբ իրականացվող գաղտնալսումների արդյունքում։ Գաղտնալսումների ընթացքում պարզվել էր, որ դատախազը որոշակի գնահատականներ էր հնչեցրել Աննա Վարդապետյանի, Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի վերաբերյալ։ Ապրես Գրիգորյանը ևս հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու հրամանը։ Ամիսներ առաջ Կոտայքի մարզի դատախազությունում խուզարկություն է իրականացվել, դատախազներին ձերբակալել, ապա ազատ էին արձակել։ Ավելին, Ապրես Գրիգորյանն ահազանգել էր ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին, հաղորդում ներկայացրել Աննա Վարդապետյանին, որը ուղարկվել է ԱԱԾ։ Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց սա է դարձել Կոտայքի մարզի արդեն նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանի՝ պաշտոնից ազատման պատճառը, քանի որ վերջինս պահանջել էր հետողական լինել՝ դատախազների նկատմամբ նման վերաբերմունքի մեղավորներին պատժելու հարցում։ Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հենց այս դեպքից հետո ազատվեցին պաշտոններից՝ սեփական դիմումի համաձայն։