24/08/2023 10:17
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանի խորհրդականն իր անունով որևէ շարժական կամ անշարժ գույք չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթևիկ Կարապետյանն իր անունով որևէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթևիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
Վերջինս և Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, և, թերևս, այդ հանգամանքից ելնելով էլ՝ նշանակվել է նախագահի խորհրդական:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագիրը: Վերջինս 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար և 5 մլն դրամից ավելի գումար, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4.5 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ, որից 7 մլն դրամից ավելին աշխատավարձ է, որը նա ստացել է նախագահի աշխատակազմից, իսկ մյուս մասն էլ կրկին աշխատավարձ է՝ «Նոր լրատվական»-ից և «Զավեն Հակոբյան»-ից:
Տաթևիկը նաև վարկ ունի, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականին գրել էր, թե ինչ սկանդալի պատճատով Փաշինյանն ազատեց Կարապետյանին աշխատանքից: Բանն այն է, որ նույն թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել էր սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել էր ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով էլ աշխատանքից հեռացվել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը»։